Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Մեր մասին

«ՄԻՏՔ» Կրթական-երիտասարդական նախաձեռնությունը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է երիտասարդների դերի բարձրացումը որոշումների կայացման գործընթացում և տեղական ժողովրդավարության ամրապնդումը: Մեր առաքելությունն է երիտասարդների կարողությունների զարգացմամբ և քաղաքացիական կրթության ապահովմամբ նպաստել պետության և համայնքների զարգացմանը։ Մենք մտադիր ենք տեղական ժողովրդավարության և երիտասարդական քաղաքականության ոլորտում նշանակալից փոփոխություն կատարել համայնքային երիտասարդական միավորումների ստեղծմամբ և հզորացմամբ,ինչը, մեր համոզմամբ, ցանկացած երկրի ժողովրդավարացման կարևոր բաղադրիչներից է: Մեր թիմը հավատացած է, որ այդ միջոցով կարող ենք ապահովել տեղական և պետական մարմինների մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարում:



Մենք քայլեր ենք ձեռնարկում Հայաստանում երիտասարդական նախաձեռնությունների կարողությունների հզորացման համար: Ավելին, մենք ինքներս ենք ստեղծում համայնքային երիտասարդական նախաձեռնություններ, որոնք աշխատում և համագործակցում են ՏԻՄ-երի, համայնքային ու մարզային նշանակության կառույցների, տարբեր ՀԿ-ների հետ, ինչպես նաև կիսելով մեր գաղափարները երիտասարդների ներգրավմամբ՝ փորձում ենք զարգացնել համայնքները և նպաստել առկա խնդիրների լուծմանը: «ՄԻՏՔ» ՀԿ-ի կողմից մինչ այժմ հիմնադրվել են երիտասարդական նախաձեռնություններ Արմավիրում, Չարենցավանում, Էջմիածնում, Աբովյանում և Սպիտակում։ Աջակցում ենք Արտաշատում և Վեդիում գործունեություն ծավալող երիտասարդական ՀԿ-ներին։ Ստեղծել ենք համահայաստանյան համայնքային երիտասարդական նախաձեռնություններին, ՀԿ-ներին, անհատ երիտասարդներին միավորող «Երիտասարդների ձայնը» անկախ հարթակը, որը կոչված է բարելավելու երիտասարդների և պետական պաշտոնյաների միջև երկխոսության մակարդակը։
Մենք չենք ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր: «ՄԻՏՔ» ՀԿ-ն իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում երիտասարդների տեղի և դերի արժևորման, մարդու իրավունքների ու ազատությունների հարգման, ժողովրդավարական արժեքների տարածման ու ամրապնդման համար։