Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Հարցազրույց ՄԻՏՔ ՀԿ նախագահ, «Հայ Երիտասարդների Հզորացման Ֆոնդի» տնօրեն Լևոն Չուկակլյանի հետ

ՄԻՏՔ ՀԿ-ն շարունակում է կյանքի կոչել իր նոր և շատ կարևոր նախագծերը, որոնցից մեկը Armenian Youth Empowerment Fund (AYEF)-ն  է: ՄԻՏՔ ՀԿ-ի նախագահ Լևոն Չուկակլյանը պատմում է նորաստեղծ ֆոնդի տեսլականի, իր սկզբունքների, լիդերության մասին պատկերացման ու հետագա նպատակների մասին։

1. Եթե գնահատելու լինենք 1-10 բալային սանդղակով, որքա՞ն երջանիկ եք դուք հենց հիմա և ինչու՞։

Միանշանակ 10։ Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ունեմ իմ սիրելի աշխատանքը, զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, որը նպաստ է բերում երիտասարդներին և երիտասարդության զարգացմանը։ Աշխատում եմ իմ համայնքի համար՝ փորձելով օգտակար լինել Արմավիրի զարգացմանը։ Իհարկե երջանկությանս նպաստում են նաև անձնական կյանքում ունեցած հաջողությունները։

 2․ Ձեր կարծիքով, որո՞նք են այն կարևոր արժեքները, որ պետք է յուրաքանչյուր լիդեր ունենա։

 Առաջին արժեքը անկեղծությունն է սեփական անձի, թիմի ու գործի նկատմամբ։ Երկրորդը՝ հավատարմությունն է սեփական ուղու, արժեքների, թիմի և այն մարդկանց հանդեպ, ովքեր ինձ վստահում են։ Երրորդը՝ պատասխանատվությունը։ Եթե լիդերը կարողանում է պատասխանատու լինել այն ամենի համար, ինչ նա պետք է անի իր գործունեության շրջանակում, ապա նույն կերպ նա կարող է պատասխանատվություն պահանջել թիմի մնացած անդամներից։ Լիդերի ցուցաբերած բարձր պատասխանատվությունը, թիմի անդամներին թույլ է տալիս, որպեսզի նրանք այդ պատասխանատվության աստիճանը դիտարկեն որպես օրինակ։

 3․Կարո՞ղ եք ներկայացնել մի օրինակ Ձեր կյանքից, երբ այդ արժեքները օգնել են Ձեզ հարթել ինչ-որ իրավիճակ։

2017 թվականին, երբ «Հանուն Գիտության Զարգացման» շարժման մասնակից էի, մեր հասցեին տարբեր մեղադրանքներին էին հնչում, սակայն մենք ամենասկզբից՝ գործը սկսելուց առաջ, անկեղծ էինք մեր նպատակների, թիմակիցների և հանրության առաջ ու մինչև վերջ անկեղծ եղանք բոլորի հանդեպ՝ հավատարիմ մնալով այն ուղուն, որը վերցրել էինք, ինչպես նաև թիմի յուրաքանչյուր անդամ պատասխանատու էր մյուսների նկատմամբ։ Նույն ձև մեր կազմակերպության գործունեության շրջանակում, երբ համայնքի երիտասարդները քեզ վստահում են օրինակ միջոցառման կազմակերպման համար, դու հավասարապես աշխատում ես նրանց հետ, իսկ նրանք զգում են, թե ինչ պատասխանատվությամբ ու սիրով ես մոտենում այդ գործին, և ահա, սկսում են քո պատասխանատվության օրինակով շարժվել։

4․ Ինչպե՞ս ծագեց հիմնադրամ ստեղծելու միտքը և ինչպե՞ս սկսեցիք այն իրագործել։

Հիմնադրամ ստեղծելու գաղափարը առաջացավ այն ժամանակ, երբ մենք ՄԻՏՔ ՀԿ-ի գործունեության շրջանակում ստեղծեցինք համայնքային նախաձեռնություններ և աշխատանքի ընթացքում բախվեցինք տարբեր խնդիրների. երբ գործունեությունն առաջ է գնում, սակայն չկան ֆինանսներ՝ այն գործիքը, որը կարող է մոտիվացված երիտասարդներին հնարավորություն տալ ավելի մեծ թափով փոխել ինչպես իրենց, այնպես էլ համայնքի կյանքը։ Այսպես ծնվեց այն գաղափարը, որ պետք է ունենալ միասնական, ազատ և անկախ ֆոնդ, որը չի ծառայի քաղաքական կամ այլ նպատակների և կնպաստի միայն բարիք ու զարգացում ստեղծող աշխատանքների իրականացմանը։

5․ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր մեծագույն ներդրումն այս հիմնադրամի հաջողության համար։

Իմ և ամբողջ թիմի մեծագույն ներդրումը մեր նվիրված աշխատանքն է, որովհետև իմ աշխատանքը արդյունք չէր ունենա, եթե թիմը նույն նվիրվածությամբ չաշխատեր։ Ես իմ ողջ ջանքերն եմ ներդրել, որպեսզի մենք կարողանանք այս մեծ գաղափարը իրականություն դարձնենք, որը ոչ միայն մերն է, այլ արդեն նաև  մեր շուրջը համախմբված երիտասարդներինը։

6․ Որո՞նք են Ձեր հիմնական նպատակները հիմնադրամի կայացման համար, որոնց ծրագրում եք հասնել առաջիկա տարիներին ու ինչպիսի՞ առաջնահերթություններ  սահմանելով եք ցանկանում հասնել դրանց։

Մենք մեր գործունեությունը հիմնավորել էինք հետազոտություններով, որոնցից պարզ դարձավ, որ հիմնական խնդիրներից մեկը երիտասարդական ազատ, անկախ տարածքների բացակայությունն է, երբ երիտասարդական նախաձեռնությունները պետք է խնդրեին համայնքապետարանին փոքր տարածք հատկացնելու համար և հստակ չէր՝ կհատկացվի, թե ոչ։ Այսպիսով, երիտասարդները հանդիպման ու ժամանցի վայր չունեն, միջոցառումների անցկացման տեղ գտնելը ինքնին արդեն դժվարություն է, ու այն բոլոր լավ գաղափարները, որ կարող էին իրականացվել համայնքում, տեխնիկայի և տարածքի բացակայության պատճառով հօդս են ցնդում։ Ելնելով սրանից, որպես առաջնային նպատակ ձևավորվեց երիտասարդական տարածքներ ստեղծելը։

Երկրորդ՝ երիտասարդների միջոցով պետք է կարողանանք խթանել համայնքների զարգացումը, իսկ դա հնարավոր է այն երիտասարդների շնորհիվ, որոնք ունեն ձեռներեցության հետ կապված՝ համայնքը տնտեսապես ակտիվացնող և զարգացնող ծրագրեր։ Ես համոզված եմ, որ կան նման երիտասարդներ, և նրանց պետք է տալ հնարավորություն տարբեր սոցիալական ձեռնարկատիրությունների միջոցով խթանելու համայնքի տուրիստական, արտադրական և այլ հզորությունները, ինչի միջոցով նրանք կարողանան համայնքում ստեղծել զբաղվածություն բնակիչների համար՝ բարձրացնելով տնեսական ակտիվության ցուցանիշը։ Համայնքի զարգացումը ապահովելը դժվար թե ստացվի, եթե չխթանենք երիտասարդների անձնական աճը, նրանց մասնակցությունը կրթական ծրագրերին, այդ իսկ պատճառով  մեզ համար առաջնահերթություն է քաղաքացիական ու մասնագիտական կրթությունը և մենք պատրաստվում ենք ֆոնդի միջոցով  ֆինանսավորել այն նախագծերը, որոնք միտված են ինչպես քաղաքացիական կրթության տարածմանն ու հասանելիությանը, այնպես էլ մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերմանը։ Շատ կարևոր է, նաև նորաստեղծ երիտասարդական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների հզորացումը: Ֆոնդի միջոցով անհրաժեշտ է նպաստել նրանց կայունության ապահովմանը և նոր միջոցառումներով ու ծրագրերով հանդես գալուն, որոնք միտված կլինեն այդ համայնքի երիտասարդության զարգացմանը։

Եվ վերջում, պետք է մեծացնել երիտասարդների շարժունակությունը։ Նպատակ ունենք Հայաստանում-Սփյուռքում-Արցախում ապրող երիտասարդների միջև կապի ամրապնդում իրականացնել, որը կբերի ավելի դրական զարգացումների, որոնք կլինեն միջազգային ու համահայաստանյան բնույթի։ Հայաստանի ու Արցախի երիտասարդները կմեկնեն այցելության Սփյուռքի հայ համայնքներ, իսկ սփյուռքահայ երիտասարդները կժամանեն Հայաստան ու Արցախ և միասին կբնակվեն տեղացի երիտասարդների ընտանիքներում։

7. Ո՞րն է Ձեր հիմնադրամի հիմնական տարբերությունը այլ հիմնադրամներից։

Մեր ողջ գործունեությունը միտված է երիտասարդական ջանքերի միջոցով հավաքագրել ֆինանսեր, որը չի լինի բարեգործություն, այլ ներդրում հանուն զարգացման։ Կարևոր է, որ մեզ մոտ յուրաքանչյուր երիտասարդ աշխատանք է կատարում ոչ միայն սեփական, այլև հանրային բարիքի ստեղծման համար։

8․ Իսկ ի՞նչն է Ձեզ մոտիվացնում անել լավագույնը։

Դեռևս փոքր հասակից, իդեալիզմի ձգտելու բնավորության գիծ ունեմ։ Ես միշտ ձգտել եմ կատարելության՝ շտկելով ամեն ինչ, որը արտացոլվում է իմ աշխատանքներում։ Յուրաքանչյուր աշխատանք կատարելիս, փորձում եմ նվազեցնել բոլոր ռիսկերը, որ ամբողջությամբ արդյունքը լինի կատարյալ, բայց գուցեև այդքանից հետո էլի արդյունքը չգոհացնի ինձ, որովհետև ինքս ինձ քննադատորեն եմ մոտենում՝ ավելի ճիշտ, ավելի կատարյալ, ավելի հղկված, ավելի բարձր արդյունք ստանալու համար։


9․ Իսկ, ո՞րն է Ձեր՝ որպես լիդերի, թիմի մյուս անդամներին մոտիվացնելու գաղտնիքը։

Մնացածին մոտիվացնելու գաղտնիքը մեկ նպատակի շուրջ համախմբելն է։ Յուրաքանչյուր անձի հետ աշխատելիս, պետք է նպատակը նրա համար դառնա անձնական գերխնդիրը, քանի որ երբ խմբի յուրաքանչյուր անդամ իր անձնական գերխնդիրն է համարում թիմի նպատակի իրականացումը, ապա մենք ունենք և՛ մոտիվացիա, և՛ հաջողության հասնելու ճիշտ ընտրված բանալի։

10․ Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա մարդը՝ թիմի լիարժեք անդամ դառնալու համար։

Օրինակ՝ մեր թիմի անդամը դառնալու համար պետք է ունենալ պարզապես ցանկություն իրականացնելու դրական փոփոխություն ի նպաստ զարգացման։ Մեր թիմը միշտ եղել է այն մտածողության կրողը, որ յուրաքանչյուր երիտասարդ կարող է զարգանալ և ինքնակրթվել։ Վստահ եմ, շատ երիտասարդներ մեր օգնությամբ ձեռք կբերեն այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն իրենց գաղափարներն իրագործել մեզ հետ։

11․ Մեծերից մեկն ասել է, որ առողջ քննադատությունը կառուցողական դեր է խաղում։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը։

Շատ դրական։ Մեր թիմի ներսում հորիզոնական կառավարում է։ Իհարկե կան «պաշտոններ» և աշխատանքի բաժանում, սակայն գործի ժամանակ բոլորս հավասար ենք, և բոլորիս կարծիքն ու առողջ քննադատությունը կարևոր է մեր մտահաղացումներին և նախագծերին հասնելու համար։

12․ Երեք բառով նկարագրեք մեր քաղաքացիական հասարակությունը 10 տարի հետո։

Ազատ, հնարավորինս անկախ, ինչպես մեր քաղաքացին և պետությունը ու, իհարկե, իր արժեքներին հավատարիմ։

13․ Ո՞րն է Ձեր անձնական վերջնանպատակը և արդյո՞ք ունեք նախանշված ճանապարհային քարտեզ դրան հասնելու համար։

Իմ կյանքի նպատակը կփորձեմ ձևակերպել մայրիկիս խոսքով, ով միշտ ասում է, որ անկախ պաշտոնից և մասնագիտությունից պետք է մարդ լինել։ Լինել մարդ-արժեք՝ շրջապատի, մտերիմների, ընտանիքի, պետության և Երկիր մոլորակի հանդեպ։ Նպատակս անձնական պատասխանատվությունն է իմ սիրելիների և ինձ շրջապատող աշխարհի հանդեպ, միշտ լինել այն մարդը, ով ապրում է այս արժեքներով և փորձում է իր գործունեությունն իրականացնել այդ արժեքներին համապատասխան։

Վերջին հրապարակումները

«Երիտասարդների Ձայնը» Միավորման առաջարկները Կամավորության օրենքի մասին

27․05․2020թ․-ին ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի ...

  • Youth Voice
  • Հունիս 02, 2020
Եվրոպական Միություն

Այս հոդվածաշարով նպատակ ունենք ներկայացնել, թե ինչ...

  • Սուրեն Թադևոսյան
  • Մայիս 28, 2020
Ուսանողական կյանքը Գերմանիայում

Գերմանիայում ուսանողների կյանքը նույնպես լեցուն է ...

  • Անի Խաչատրյան
  • Մայիս 26, 2020
Հեղինակ : Վալենտինա Չիլինգարյան

Լրագրող, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Անգլերեն և հաղորդակցություն բաժնի ուսանող

Ձեզ կարող է հետաքրքրել