Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Ավտոբուսի երազող ուղևորը. Ռոզա Փարքս

Ռոզա Փարքսը քաղաքացիական իրավունքների համար պայքարող ակտիվիստ էր, համարձակ սևամորթ կին, ով ապրելով 50-ականների ռասիստական ԱՄՆ-ում, հրաժարվեց իր տեղը զիջել սպիտակամորթ ուղևորին։ Իր «անհնազանդությունը» հանգեցրեց սևամորթների իրավունքների համար պայքարի կարևոր իրադարձություններից մեկին՝ Մոնթգոմերիի ավտոբուսային բոյկոտին։ Բայց եկեք չշտապենք, սկսենք սկզբից․․․



Փարքսը դեռ մանուց էր համտեսել ռասայական խտրականության ողջ դառնությունը։ Նա պատմում էր, որ իր պապիկը հրացանով հսկում էր դուռը, երբ Կու-կլուքս-կլանը՝ ամերիկյան ռասիստական կազմակերպություններից մեկը, քայլերթ էր իրականացնում իրենց տան փողոցով։ Հիշում էր՝ ինչպես էր դպրոց գնում ոտքով՝ նայելով սպիտակամորթ երեխաներին դպրոց տանող ավտոբուսներին։ Նա գրում է․ «Ամեն օր տեսնում էի անցնող ավտոբուսները․․․․Ավտոբուսն առաջին բանն էր, որ ինձ ստիպեց հասկանալ, որ կա սպիտակ աշխարհ, և կա սև աշխարհ»։ Անգամ դպրոցում Ռոզան բախվում էր անարդարությանը․ աշակերտները հաճախ սեղաններ չունեին, քանի որ դպրոցները նախատեսված էին սևամորթների համար:


Զարմանալի չէ, որ Ռոզան, մեծանալով ռասայական խտրականության մթնոլորտում, վերածվեց խիզախ, արդարության համար պայքարող ակտիվիստի։ Նա դարձաց Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի երիտասարդ առաջնորդներից մեկը և ասոցիացիայի նախագահ Էդգար Նիքսոնի քարտուղարը։ Վերջինս սիրում էր պնդել, որ կանանց տեղը խոհանոցում է, իսկ Ռոզայի «իսկ ի՞մ մասին ինչ կասեք»  հարցին պատասխանում էր․ «Ես քարտուղարի կարիք ունեմ, իսկ դու լավ քարտուղար ես»։


1955թ․ դեկտեմբերի 1-ը հերթական հոգնեցուցիչ աշխատանքային օրն էր, որի ավարտից հետո Ռոզան, ինչպես միշտ, նստեց Քլեվելանդ պողոտայով տուն տանող ավտոբուսը՝ սևամորթների համար առանձնացված նստարաններից մեկին։ Ամեն կանգառում սպիտակամորթ ուղևորները շատանում էին։ Ի վերջո բոլոր «սպիտակ տեղերը»  լցվեցին, և վարորդը, նկատելով կանգնած սպիտակամորթ ուղևորներին, պահանջեց սևամորթներից նստարանները զիջել նրանց։ Բոլորն այդպես էլ արեցին, բացի Ռոզայից, նա մնաց նստած, ինչի համար ձերբակալվեց:

Ռոզան գրում է․ «Մարդիկ հաճախ ասում են, որ տեղս չէի զիջել, քանի որ հոգնած էի․․․եթե ես որևէ բանից հոգնել էի, ապա հոգնել էի հանձնվելուց»։


Դեկտեմբերի 5-ին՝ Փարքսի դատավարության օրը, աֆրիկյան համայնքը բոյկոտ հայտարարեց հանրային տրանսպորտին։ Բոյկոտը հետագայում կոչվեց Մոնթգոմերիի ավտոբուսային բոյկոտ։ Այն տևեց 381 օր և հասավ մեծ հաջողության․ ի վերջո ԱՄՆ Գերագույն դատարանը ոչ սահմանադրական հայտարարեց ռասայական սեգրեգացիան տրանսպորտային համակարգում (ռասայական սեգրեգացիա՝ առօրյա կյանքում մարդկանց հարկադրաբար մեկուսացումը հասարակության մյուս հատվածից՝ ռասայական պատկանելության հիմքով)։

Թեև Ռոզան դարձավ Մարդու իրավունքների շարժման սիմվոլներից մեկը, ձերբակալությունից հետո իր կյանքը չքաղցրացավ։ Թե՛ նա, թե՛ իր ամուսինը կորցրին աշխատանքը և, չկարողանալով գտնել նորը, տեղափոխվեցին Դետրոյթ, որտեղ Ռոզան դարձավ Ներկայացուցիցչների պալատի անդամ Ջոն Քոնյերսի քարտուղարը։

Ռոզայի կյանքն ընթացավ Մարդու իրավունքերի համար անվերջ, թեժ պայքարով, իսկ կյանքի վերջին ակնթարթները լի էին այն խաղաղությամբ, որին նա այդքան եռանդուն կերպով ձգտում էր։ Ռոզա Փարքսը մահացավ 2005թ․ հոկտ․ 24-ին Դեթրոյթի իր բնակարանում։


Փարքսն արժանացել է բազմաթիվ պատվո շքանշանների՝ Սփինգարնի մեդալ, Մարթին Լյութեր Քինգի մրցանակ, Ազատության նախագահական շքանշան, ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ և այլն։ ԱՄՆ Կոնգրեսը Ռոզային անվանեց «քաղաքացիական իրավունքների առաջին տիկին» և «ազատության շարժման մայր»։


Ռոզայի և ռոզաների պայքարը շարունակվում է մինչ օրս և դժվար էլ երբևէ ավարտվի: Երազողները միշտ են պայքարելու հանուն լավագույն աշխարհի, երազողները հավերժ նստելու են Քլեվելենդ պողոտայով ընթացող ավտոբուսի իրենց տեղում։

Վերջին հրապարակումները

«Երիտասարդների Ձայնը» Միավորման առաջարկները Կամավորության օրենքի մասին

27․05․2020թ․-ին ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի ...

  • Youth Voice
  • Հունիս 02, 2020
Եվրոպական Միություն

Այս հոդվածաշարով նպատակ ունենք ներկայացնել, թե ինչ...

  • Սուրեն Թադևոսյան
  • Մայիս 28, 2020
Ուսանողական կյանքը Գերմանիայում

Գերմանիայում ուսանողների կյանքը նույնպես լեցուն է ...

  • Անի Խաչատրյան
  • Մայիս 26, 2020
Հեղինակ : Միշել Ավանեսովա

Քաղաքագետ, ՄԻՏՔ ՀԿ անդամ

Ձեզ կարող է հետաքրքրել