Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները


Քաղաքացիական հասարակությունը հասարակության 3-րդ սեկտորն է: Այն հանրային կյանքի կազմակերպման ձև է,որի մեջ մտնում են ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնադրամները, ստեղծագործական, բարեգործական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները և այլն։ Քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարներ են երիտասարդները, որոնց քաղաքացիական ակտիվությունը երբեմն դրսևորվում է երիտասարդական շարժումներով, նախաձեռնություններով, արմատական և ոչ արմատական մեթոդներով, որի նպատակն է առկա իրավիճակի փոփոխությունը և հասարակական կյանքի բարելավվումը։ Հասարակություններին հուզող խնդիրները կարող են լինել ինչպես միանման, այնպես էլ տարբեր, և այդ խնդիրներին տրվող լուծումները, լուծման եղանակները ևս կարող են լինել նման և/կամ տարբեր։ Կան շատ օրինակներ, որտեղ քաղաքացիական հասարակության ակտիվ սեգմենտը՝  երիտասարդները,  պայքարում են հանուն իրենց և այլոց իրավունքների պաշտպանության , ընդդեմ անարդարության, ձգտում են լինել լսելի՝  երկրի ոչ արդյունավետ կառավարումը փոխելու, արդարությունը վերականգնելու, կյանքի պայմանները բարելավվելու համար։ Քիչ չեն արատավոր բարքերին դեմ գնացող երիտասարդները, ավելի քիչ են նման երեխաները, և նրանցից է Մալալա Յուսուֆզային։ Տասնչորս տարեկան այս աղջիկը դառնում է Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը, քանի որ երիտասարդ պակիստանցին ստիպված էր թողնել ուսումը և պայքարել իր քաղաքում հաստատված «Թալիբան» ահաբեկչական խմբավորման կողմից սահմանված կարգերի դեմ, որոնցից էր՝ «աղջիկները չպետք է դպրոց հաճախեն»։ Նա հանրային ելույթներ էր ունենում, ոգեշնչում էր բազմաթիվ աղջիկների զբաղվել իրենց կրթությամբ և մի օր հարձակման ենթարկվեց թալիբանների կողմից՝ ստանալով գլխի հրազենային վիրավորում, սակայն կազդուրվեց և շարունակեց իր գործունեությունն ավելի մեծ թափով և նվիրումով։

Հարավային Աֆրիկայում երիտասարդները սոցիալական մեդիայի միջոցով իրականացնում են արշավներ՝ մարդկանց իրազեկելու և իրազեկվածության բարձրացման միջոցով՝  բռնությունից պաշտպանելու համար։ Նախաձեռնությունը կոչվում է ՝ «Իմ ձայնը, իմ անվտանգությունը»։ Նախաձեռնության նպատակներն են՝ մարդկանց ձայնը բարձրաձայնելը, հանրության շրջանում խնդիրների վերաբերյալ երկխոսություն ստեղծելը և խնդիրները միասնական ուժերով լուծելը։

Նման օրինակներ շատ կան, և արժե անդրադառնալ նաև Հայաստանում առկա երիտասարդական նախաձեռնություններին կամ շարժումներին, դիտարկել դրանց գործունեության մեթոդները։ Հայաստանում երիտասարդական դժգոհությունները սկսեցին ավելի վառ արտահայտվել 2011 թվականից սկսած:  Կարելի է առանձնացնել «Դեմ եմ շարժումը», «Էլեկտրիկ Երևանը», «Ընդդեմ տրասնպորտի թանկացման» և այլ շարժումներ, որոնք արտահայտվում էին ոչ բռնի մեթոդներով և հիմնական մասնակիցները երիտասարդներն էին։ Էլեկտրաէնէրգիայի սակագնի բարձրացման հետ կապված  2015 թվականի հունիսի 19-ին Երևանում  առաջացավ   «Էլեկտրիկ Երևան»  երիտասարդական  շարժումը :Այն պահանջում էր չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովի՝  էլեկտրաէներգիան Հայաստանում 7 դրամով բարձրացնելու  մասին որոշումը: Շարժման մասնակիցները հայտարարեցին , որ իրենց ակցիան զուտ  տնտեսական է և ոչ քաղաքական : Շարժման ընթացքում իրենց շարքերից հեռացնում էին սադրիչներին   և քաղաքական տարբեր շահեր ունեցող անհատների: Քաղաքացիական դժգոհության արտահայտման մեթոդը նստացույցն էր, որը տեղի էր ունենում  Ազատության հրապարակում,  այնուհետև այն տեղափոխվում է  Բաղրամյան պողոտա: Օր օրի շարժման մասնակիցների թիվը ավելանում էր.  մարդիկ  անգամ  երեկոյան՝ աշխատանքից շտապում էին շարժմանը մասնակցելու։ Բողոքի ակցիաները ուղեկցվում էին հայկական պարերով և երգերով, երեկոյան ժամերին՝ խաղեր խաղալով, իսկ առավոտը սկսվում էր տարածքի մաքրությամբ։ Իր ծավալով՝  «Էլեկտրիկ Երևան»  քաղաքացիական շարժումը աննախադեպ էր. սկսվելով Երևանում այն արտահայտվեց նաև այլ համայնքներում: Այն  իրականացման մեթոդով խաղաղ էր, երիտասարդական, և նույնիսկ գրավել էր միջազգային մամուլի ուշադրությունը։
Հունիսի 23-ին իշխանությունը գործի դրեց ջրցան մեքենա՝ շարժումը չեզոքացնելու, փակված Բաղրամյան փողոցը բացելու համար, որի ընթացքում տուժեցին ինչպես շարժման մասնակիցներ, այնպես էլ լրագրողներ։ Այս քայլից հետո շարժումը դարձավ զանգվածային և արտահայտվեց նաև Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում, Աշտարակում։
Շարժումը սկսեց մարել հուլիսի կեսերից, երբ շարժման ընթացքում ձևավորված առաջնորդների մեջ պառակտում եղավ։ Այնուամենայնիվ, բողոքն ամբողջովին դադարեց միայն սեպտեմբերին, երբ վերջապես Հայաստանի էլեկտրաէներգիայի պատասխանատու ընկերությունը վաճառեց իր ակտիվները «Տաշիր» ընկերությանը։  
«Էլեկտրիկ Երևանը» նոր շունչ հաղորդեց քաղաքացիական հասարակության պայքարին։ Սոցիալական ցանցերի զանգվածային օգտագործումը, իրականացված խաղաղ նստացույցերը, սադրիչներին չեզոքացնելը և սադրանքներին չտրվելը, ինքնաբուխ մոբիլիզացիան՝  պարարտ հող էին նախապատրաստում ՀՀ-ում քաղաքացիական հասարակության տեսակի, որակի և  գործունեության մեթոդների փոփոխության համար։

Վերջին հրապարակումները

Նոր տարի՝  կորոնավիրուսի  նոր դրսևորում

 Որքան էլ լավատեսորեն էինք տրամադրվում կորոնավիրու...

  • Նորա Հայրապետյան
  • Հունվար 20, 2021
«Մի բուռ արև» սոցիալական նախաձեռնություն

«Մի բուռ արև» սոցիալական նախաձեռնությունը ստեղծվել...

  • Youth Voice
  • Հունվար 18, 2021
«Ամուր Միասին» Բարեգործական ՀԿ․ Կազմակերպություն ստեղծված պատերազմական օրերին

Վահե Աբազյանը պատմում է «Ամուր միասին» բարեգործակա...

  • Youth Voice
  • Հունվար 14, 2021
«Մենք ու մունք». նախաձեռնություն ստեղծված պատերազմի օրերին:

Սեպտեմբերի 29-ից սկսեցի զբաղվել կամավորական աշխատա...

  • Youth Voice
  • Հունվար 12, 2021
Հեղինակ : Քնարիկ Մխիթարյան

Լրագրող, ՀՊՄՀ Հեռուստալրագրություն բաժնի ուսանող

Ձեզ կարող է հետաքրքրել