Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

ՄԱՍ 2. Եվրոպական Միությունն այսօր


          


Խնդիրներ և մարտահրավերներ 

Ինչպես միջազգային ցանկացած կազմակերպություն, այդպես էլ ԵՄ-ն զերծ չէ ներքին ու արտաքին խնդիրներից, ճգնաժամերից և մարտահրավերներից: Անհրաժեշտ ենք համարում համառոտ անդրադառնալ դրանց՝ Եվրաընտանիքի այսօրվա վիճակն ու զարգացման հեռանկարները հասկանալու համար: ԵՄ-ին առնչվող հիմնախնդիրները կարող ենք բաժանել 3 մեծ խմբի՝ 

ա)համաշխարհային (գլոբալ) մարտահրավերներ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կառույցի և անդամ-երկրների վրա 

բ)տարածաշրջանային (ռեգիոնալ) խնդիրներ՝ կոնկրետ Եվրամիությանն ու նրա կառույցներին վերաբերող

գ)տեղային (լոկալ)` 27 անդամ-երկրներին վերաբերող ներքին և արտաքին հիմնահարցեր:

Այս բաժանումն, իհարկե, խիստ պայմանական է և «ծառայում է» հետազոտությունն առավել համակարգված և պարզ ներկայացնելուն: Հավատարիմ մնալով խնդրո առարկային՝ մանրամասն կներկայացնենք ԵՄ-ին վերաբերող տարածաշրջանային հիմնախնդիրները, իսկ համաշխարհային և ներպետական խնդիրներին կանդրադառնանք հպանցիկ: 

Համաշխարհային մարտահրավերներ 

Հեղինակավոր The Millennium Project (Հազարամյակի նախագիծ) վերլուծական կենտրոնն առաձնանցնում է աշխարհին «նետված» 15 մարտահրավերներ: Դրանք վերաբերում են տարատեսակ ոլորտների. կլիմայի փոփոխություն և համաճարակներ, կրթություն, ժողովրդավարություն և կայուն զարգացում, նորագույն տեխնոլոգիաներ և էներգետիկա,  կանանց իրավունքներ և այլն (տե՛ս ամբողջական ցանկը): Դեռ 2015-ից Եվրոպայում նոր թափ ստացավ «միգրացիոն ճգնաժամը»: Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բազմաթիվ երկրներից փախստականների և ներգաղթյալների հոսքերն ուղղվում էին ԵՄ երկրներ: Պատերազմող և աղքատ երկրների քաղաքացիները, որ ավելի երջանիկ ապագա են փնտրում ԵՄ-ում, հարուցում էին/են ծայրահեղ աջերի, ազգայնամոլների, ռասիստների և ազգային պատկանելության հետ կապված խտրականություն քարոզող զանազան խմբերի կոշտ արձագանքը: 

Այս տարի նշված խնդիրներին ավելացավ ևս մեկը՝ կորոնավիրուսային համավարակը (COVID 19), որն աշխարհին և մասնավորապես՝ Եվրոպային պատճառեց մարդկային, սոցիալական և տնտեսական լրջագույն վնաս: Նկատենք, որ ԵՄ-անդամ 5 պետություններ այժմ գտնվում են վարակից մինչ այժմ մահացածների թվով առաջատար երկրների տասնյակում (Իտալիա՝ 3-րդ, Ֆրանսիա՝ 5-րդ, Իսպանիա՝ 6-րդ, Բելգիա՝ 8-րդ, Գերմանիա՝ 9-րդ): 

 

Տարածաշրջանային խնդիրներ 

Ներկայում ԵՄ-ի առաջ ծառացած տարածաշրջանային մարտահրավերներից Ջ.Օ Մյոլլերն առանձնացնում է  հինգը՝

 

1.Բրեքզիթ

2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում տեղի ունեցավ հանրաքվե՝ ԵՄ կազմում մնալու կամ դուրս գալու առնչությամբ: Մասնակիցների 52%-ը կողմ արտահայտվեց Եվրաընտանիքը լքելուն: Միայն երեքուկես տարի անց՝ 2020-ի հունվարին, ՄԹ-ն վերջապես դուրս եկավ ԵՄ կազմից:

Հարաբերությունների կարգավորման համար ԵՄ-ն և Միացյալ Թագավորությունը բանակցությունների բարդ ճանապարհ դեռ պետք է անցնեն: Անհրաժեշտ է քննարկել առևտրային հետագա կապերի մանրամասները, լուծել հարկային, մաքսային և սահմանային քաղաքականությանը վերաբերող և մի շարք այլ հիմանահարցեր: 

 

2.Ածխածնային չեզոքություն և թափոնների վերամշակում

Եվրոպայի «կանաչ գործարքը» (Green Deal) ԵՄ ճանապարհային քարտեզ է, որը նախատեսում է խորքային բարեփոխումներ տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Նախատեսվում է դրանք դարձնել առավելագույնս «կանաչ», ածխածնային առումով՝ չեզոք: Այն նախնական հաշվարկներով Եվրամիությանը կարժենա մոտ 3 տրլն եվրո: Բրյուսելը խոստանում Է վճարել այդ ծախսի մեկ երրորդը. մնացածը, ըստ մտահղացման, կապահովեն Եվրոպայի ներդրումային բանկը և ԵՄ անդամ-պետությունները: 

 

3.Բազմամյա ֆինանսական շրջանակ

Բազմամյա ֆինանսական շրջանակը (MFF) ԵՄ երկարաժամկետ բյուջեն է: Այն սահմանում է ԵՄ ծախսերի սահմանները, որպես ամբողջություն, ինչպես նաև հատկանշում է գործունեության տարբեր ոլորտները՝ առնվազն հինգ տարվա ընթացքում: Վերջին MFF - ները սովորաբար ընդգրկում էին յոթ տարի: Թեև բյուջեի ձևավորմանն իրենց մասնակցությունն ունեն Եվրահանձնաժողովն ու Եվրախորհրդարանը, «վերջնական վճիռը» պատկանում է անդամ-երկրներին: Դա էլ ի ցույց է դնում կառույցի ներսում առկա անհավասարությունները՝ հյուսիսի և արևմուտքի «դոնոր» արևելքի «անվճարունակ» երկրների միջև: Վճարումների համամասնության տարբերություններն ակնհայտ են դարձնում, որ անդամ-երկրները գտնվում են զարգացման տարբեր մակարդակների վրա:


4.Ընդհանուր արտաքին, անվտանգային և առևտրային քաղաքականություն 

Կարծում ենք, որ չնայած ինտեգրացիայի բարձր մակարդակին՝ ԵՄ երկրների ազգային կառավարությունները շարունակում են մնալ արտաքին և անվտանգային քաղաքականության «դրոշակակիրները»: Երկրների ճնշող մեծամասնությունում դեռևս առկա են արտգործ և պաշտպանության նախարարի պաշտոններ: Հաճախ տարբեր են նաև նրանց մոտեցումները աշխարհաքաղաքական ակտորների նկատմամբ: 

Եվրոպան դեռևս կախված է Միացյալ Նահանգներից պաշտպանական ոլորտում,  քանի որ շատ երկրներ ՀՆԱ-ի 1-ից 1,5 տոկոսն են ծախսում են պաշտպանության ոլորտում: Չնայած երկար տարիների ջանքերին՝ հատկապես Ֆրանսիայի կողմից,  ընդհանուր պաշտպանական որևէ կառույց դեռ չի ստեղծվել: 

 

5.Ինտեգրացիայի խորացում

Ինտեգրացիայի խորացման հարցում ԵՄ-ն բազմաթիվ դժվարությունների է բախվում՝ հատկապես վերջին տարիներին: Ինչպես արդեն նշեցինք, այս տարի ՄԹ-ն լքեց կառույցը: Անդամության թեկնածու և ասոցացված երկրների՝ ԵՄ անդամ դառնալու հարցը ևս թողնված է հեռավոր ապագային:

            

  Տեղային

Անդամ-երկրներն իհարկե ունեն նաև ներքին խնդիրներ, որոնք տարբեր են և առանձահատուկ նրանցից յուրաքանչյուրին: Դրանք անքակտելիորեն կապված են և հաճախ բխում են արդեն քննարկված համաշխարհային և տարածաշրջանային իրադրությունից: Հաշվի առնելով հոդվածաշարի բնույթը՝ դրանց կանդրադառնանք հաջորդիվ…

Վերջին հրապարակումները

Ճամբարակցի երիտասարդների գործունեությունը պատերազմի շրջանում

Թիկունքում տարվող աշխատանքներին նախ մասնակցում էր ...

  • Youth Voice
  • Փետրվար 24, 2021
«Փեթակ» բարեգործական ՀԿ․ Պատերազմի շրջանում ծավալած գործունեությունը

Մեղուն ինքնին աշխատասիրության խորհրդանիշն է, ՓԵԹԱԿ...

  • Youth Voice
  • Փետրվար 24, 2021
«Սևան երիտասրադական ակումբ»․ Պատերազմի շրջանում ծավալած գործունեությունը

Որպես նախաձեռնություն ստեղծվել ենք 2008թ․ , իսկ որ...

  • Youth Voice
  • Փետրվար 24, 2021
Հեղինակ : Սուրեն Թադևոսյան

Քաղաքագետ, Հոդվածագիր

Ձեզ կարող է հետաքրքրել