Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Պետություն պետության ներսում․ Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի պատերազմական շրջանում ծավալած գործունեությունը


-Ե՞րբ և ինչու՞ է ստեղծվել Ձեր Կազմակերպությունը

-Մեր Կազմակերպությունը ստեղծվել է 1987թ, որը Անկախ Հայաստանի ամենահին հասարակական կազմակերպություններից է և ունի իր ստեղծման նախապատմությունը։
Կազմակերպության հիմնադիրը՝ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը, ծնունդով  Գայ գյուղից, երազ է տեսնում, որ կառուցել է մի քաղաք, որտեղ մարդիկ կապուտաչյա են։ Երազից հետո որոշում է կառուցել այդ քաղաքը։ Հետո է հասկանում, որ այդ կապույտ աչքերը, ոչ թե ֆիզիկական հատկանիշ է, այլ ՝ հոգևոր ։ Անաղարտությունն է, որը պետք է ունենա մեր կազմակերպության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր անձ։ 
Կազմակերպության հիմնադրման նպատակն էր ստեղծել հնարավորություններ խոցելի խմբերի, հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ Մեր գործունեության աշխարագրություն ընտրեցինք  Արմավիրի մարզը։ Մենք մարզակենտրոն զարգացման կողմնակից ենք, որ կարողանանք հասնել այնպիսի արդյունքների, որը հնարավորինս կնպաստի արտագաղթ նվազեցմանը։ Շատ լավ հասկանում ենք՝ արտագաղթը մարզերից է լինում , որտեղ առկա է սոցիալապես անապահովության որոշակի աստիճան։ Ի լրումն մարզերի բնակիչների սոցիալական վիճակի՝ մեր Կազմակերպության համար կարևոր է նաև մարզաբնակների բարոյահոգեբանական վիճակի բարելավումը։ Մեր Կազմակերպության առաջին սաները Գավառի մանկատան երեխաներն էին, որոնց մասնակցությամբ Կազմակերպության հիմնադիրը՝ իր եղբոր Գևորգ (Ընծա) Բաբախանյանի հետ, գյուղ Գայում բացում է թատերական խմբակ։ Հետաքրքիրը այն է, որ տարիներ առաջ Կազմակերպության հիմնադիրները այդ խմբակով զբաղվում էին սոցիալական ձեռներեցությամբ։ Ստեղծվում է թատրոն, թատերախումբը հանդես է գալիս ներկայացումներով ողջ ՀՀ-ի տարածքում, հյուրախաղեր է ունենում, իսկ խմբակից ստացված հասույթը թատերախմբակի սաների աշխատավարձն էր։ Թատերախմբակում կային 20-30 մանկատան սան, իսկ «թատրոնը» կամ պարզապես աշխատանքի տարածքը Կազմակերպության հիմնադիրների գյուղի տունն էր։  Սա էր մեր Կազմակերպության առաջին մեծ և կարևոր նախաձեռնությունը։ Որից հետո մենք շարունակեցինք կրթական, մշակութային ծրագրերի իրականացումը մինչև այսօր՝ ընդգրկելով տարբեր խոցելի խմբերի երեխաների և երիտասարդների։ Քանի որ մեր կազմակերպությունը չուներ ոչ մի  պետական ֆինանսավորում՝ Կազմակերպության ֆինանսական ինքնաբավությունը ապահովելու համար դեռևս 10 տարի առաջ որոշեցինք զբաղվել նաև զբոսաշրջությամբ։  Էջմիածնում բացել ենք հյուրանոց, ռեստորանը, որոնք հանդիսանում են մեր Կազմակերպության սոցիալական ձեռներեցությունը։ Ստացված միջոցները ուղղվում է մեր սաների անվճար կրթության ապահովմանը։ Ունենք Արվեստաց դպրոց, որտեղ ներկա պահին սովորովում է շուրջ 350 սան։ Անգամ այն սաները, որոնք վճարում են, վճարում են սիմվոլիկ գումար՝ պարզապես Արվեստաց դպրոցի գործունեության մեջ ներդրում ունենալու համար։  Ավելի ուշ ստեղծեցինք ինովացիոն կենտրոն, որ մեր մարզի երեխաները նաև ՏՀՏ կրթություն կարողանան ստանալ։ Մեզ մոտ ամբողջությամբ անվճար ստանում  են կրթություն, որոնց մասնագետները  այժմ բարձր վարձատրվող են։ Ունենք բազմաթիվ հաջողության պատմություններ։ Երեխաներ ենք ունեցել, որոնք անգամ տանը համակարգիչ չեն ունեցել, բայց մեր մոտ կրթություն ստանալուց  հետո անցել են բարձր վարձատրվող աշխատանքի։

Այս պատմությունները մեր գործունեության ամենակարևոր ձեռքբերումներից  են։  

 

-Ի՞նչ գործունեություն եք ծավալել պատերազմական շրջանում

-Պատերազմի առաջին օրերը սահմռկեցուցիչ էին։ Սկզբում որքան էլ փորձում էինք գիտակցաբար մոտենալ պատերազմին, հավաքվել և աշխատել հանուն հաղթանակի, միևնույն է, երբ առաջին ընտանիքին հյուրընկալեցինք ու տեսանք իրենց կարգավիճակը, երեխաներին․․․ շատ ազդեցիկ տեսարան էր։ Կորցրել էին տուն, հայրենիք և գրեթե ոչինչ չունենալով, կարողացել էին փախչել՝ իրենց հետ վերցնելով այն, ինչ այդ պահին ունեցել են ձեռքի տակ։ Չնայած մենք հյուրընկալողն էինք, բայց նույնչափ դժվար էր նաև մեզ համար, քանի որ պետք է իրենց աջակցեինք ոչ միայն տնտեսապես, այլև բարոյապես, հոգեպես․․․ Հյուրընկալել ենք 6  ընտանիք,  26-30 անձ։  Իրենց համար կազմակերպել ենք տարբեր մշակութային, կրթական ծրագրեր, որպեսզի թե՛ փորձենք դուրս բերել սթրեսային իրավիճակից, թե՛ որոշակի հմտություններ փոխանցենք, որոնք հետագայում իրենց համար եկամտի հնարավորություններ կստեղծեն։ Իրենց հետ աշխատել են մեր հոգեբանները, լոգոպեդները, արցախցի փոքրիկները մասնակցել են մեր մշակութային ճամբարներին, դասընթացներին։ 

-Կարելի է ասել՝ Ձեր Կազմակերպությունը պետության ներսում պետություն է, որովհետև Ձեր նկարագրած գործունեությունից ես հասկացա՝ իրականցրել եք պետության դասական ֆունկցիաներ։

-Կարելի է նաև այդպես ասել։ Հավելեմ նաև , որ արցախցիների համար իրականացրել ենք նաև  խոհարարական հմտությունների զարգացման դասընթացներ, որին մասնակցեցին ինչպես երիտասարդները, այնպես էլ մեծահասակները։ Անգամ 15-ամյա մի պատանի այնքան էր ոգևորվել դասընթացներից, որ որոշել է Արցախում սեփական ռեստորանը բացել։ Սա կարևորում ենք, քանի որ այդ պրակտիկ հմտությունները իրենց համար աշխատանքի հնարավորություններ կարող են ստեղծել կիսվել ենք ինչպե՛ս գիտելիքներով, այնպե՛ս էլ փորձով։ Պատերազմի շրջանում՝ սկզբից, մինչև դեկտեմբերի 10 -ը, աջակցել ենք արցախցիներին սկսած հագուստի, սննդի տրամադրումից, մինչև դասընթացներ , հոգեբանական ծառայություններ, բացի այդ, մեր այցելուներն էլ իրենց հերթին նվիրատվություններ էին տալիս հենց արցախցիներին։ Նույնիսկ այդ մի քանի ամիսների ընթացքում մեր մոտ ապաստանածներից երկուսը անգամ կարողացան գումար վաստակել՝ աշխատելով մեր ռեստորանում ։ Մեր խոհանոցը արցախցիների օգնությամբ հարստացրինք նաև արցախյան ուտեստներով, որոնցից ստացված հասույթը ամբողջությամբ փոխանցեցինք արցախցիներին։ Դեկտեմբերի 10-ին հրաժեշտ տվեցինք մեզ մոտ ապաստանած արցախցիներին, որոնք Հայաստան էին ժամանել Արցախի Մարտունու, Մարտակերտի, Քարվաճառի, Ասկերանի շրջաններից։

-Ի՞նչ կպատմեք արդեն հետպատերազմյա շրջանում Ձեր հակաճգնաժամային միջոցառումներից։

Մենք պատերազմի օրերից սկսած կազմեցինք հակաճգնաժամային պլան և ճգնաժամին արձագանքող աշխատանքային խումբ, որը կազմակերպում էր հակաճգնաժամային միջոցառումներ, որպեսզի որպես Կազմակերպություն կարողանանք աշխատել։ Համավարակի օրերին մեր այցելուների քանակը 58հզ-ից նվազեց 100-ի , ուստի որպես Կազմակերպություն պատասխանատու էինք մեր աշխատակիցերին  աշխատանքով ապահովելու համար։  Ուզում եմ հպարտությամբ նշել՝ կործանման ժամանակ, նավը ոչ ոք չլքեց․․․ չնայած հասկանում էինք՝ բարդ է առանց աշխատավարձի աշխատելը, բայց մեր թիմը ոչ ոք չլքեց, մարդիկ այս ճգնաժամային շրջանը աշխատեցին կամավոր, անվճար, և իրենց շնորհիվ էր նաև, որ քիչ-քիչ այժմ հաղթահարում ենք ստեղծված իրավիճակը։ Եթե յուրաքանչյուր կազմակերպություն նման ամրություն ունենա, ապա մեր համայնքների, մարզերի և վերջապես՝ երկրի վիճակը իսկապես կլավանա։ Հարգելով պատերազմի նահատակների հիշատակը ժամանակավորապես դադարեցրել ենք մշակութային միջոցառումները, անգամ մեր Կազմակերպությունից ունենք պատերազմին մասնակիցներ, զոհեր և մեզ համար այս իրականությունը շատ ցավալի է։ Շուտով սկսելու ենք նաև դասընթացներ՝ խոհարարության և ռեստորանային գործի, կավագործության և ՏՀՏ մասնագիտության, որը ամբողջությամբ անվճար է լինելու պատերազմի հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռքբերած, անհետ կորած, գերեվարված զինծառայողների երեխաների համար։

 

Հարցազրույց Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի նախագահ Արփինե Մաչանենց Բաբախանյանի հետ

 

Վերջին հրապարակումները

Երազանքից մինչև հնարավորություն․ «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ

Կազմակերպություն ստեղծելու գաղափարը առաջացել էր դե...

  • Youth Voice
  • Մարտ 24, 2021
ԲՐԻԿԵՏ արտադրող մեքենայի և հարակից սարքավորումների ձեռքբերման մրցույթ

«Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ի «Մաքուր Դիլիջան» ...

  • Youth Voice
  • Մարտ 09, 2021
Երիտասարդական աշխատողները որպես աշխատանքային իրավունքի դեսպաններ

Փետրվարի 11-14-ը Գյումրիում տեղի ունեցավ «Աշխատանք...

  • Youth Voice
  • Փետրվար 26, 2021
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել