Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

«Երազանքի Չարենցավան» նախաձեռնությունը և ՄԻՏՔ ՀԿ-ն կազմել են Չարենցավանի զարգացման առաջարկությունների փաթեթ


Չարենցավանում իրականացվել է մշտադիտարկում՝  ուղղված  համայնքում առկա խնդիրների բացահայտմանը և դրանց լուծման առաջարկությունների մշակմանը։ Հարցմանը մասնակցել է  194 անձ, որոնցից 94-ը մինչև 30 տարեկան, իսկ 100-ը՝ 30-ից բարձր տարիքային խումբ ունեցողներ:

Անանուն հարցման արդյունքում պարզվեց, որ մասնակիցների  44.3%-ը առաջնային  խնդիր է համարում ճանապարհային ենթակառուցվածքային վիճակը, ասֆալտապատումը, որը արվում է միայն կենտրոնական փողոցներում՝ փոսալցումների տեսքով, և անկանոն երթևեկությունը, որը հետևանք է ճանապարհային ոստիկանության ոչ պատշաճ վերահսկողության:

Ըստ հարցման մասնակիցների 37.6%-ի՝ Երևանին շատ մոտ գտնվող Չարենցավանում, խնդիր է պասիվ զբոսաշրջությունը։ Չնայած քաղաքը ունի բոլոր նախադրյալները զբոսաշրջության կենտրոն դառնալու, սակայն չունի հյուրանոցներ և ժամանցի կենտրոններ:

Հարցվածները, դժգոհելով սպասարկման ցածր որակից և կուտակված հերթերից բուժհաստատություններում, որպես առաջնային խնդիր առանձնացնում են համայնքում մատչելի առաջնային բժշկական սպասարկման պայմանները (35․1 %-ը կամ 68 անձ):

29.9 %-ը  մատնանշել են ենթակառուցվածքների բարեկարգումը և կանաչապատումը, որպես խնդիր մասնավորեցնելով բազմաբնակարան շենքերի վերելակների վիճակը, որոնք պատշաճ չեն վերանորոգվում, ինչպես նաև այգիների և պուրակների անբարեկարգ վիճակը։

23.2%-ը կամ 45 անձ խնդիր է համարում հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը.  հասարակական տրանսպորտը, որը ուղևորվում է Երևան, աշխատում է անկանոն, ինչի արդյունքում միշտ ծանրաբեռնված է լինում, և գրեթե հնարավոր չի լինում օգտվել։  Այն ոչ բարվոք վիճակում է և հարմարեցված չէ հաշմանդամության կարգ ունեցող անձանց համար։

Հարցվածներից 22.6%-ի համար համայնքում առկա խնդիրներից  է երիտասարդության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, երիտասարության կարողությունների զարգացմանն  ուղված ծրագրերի և միջոցառումների բացակայությունը։ «Երիտասարդների համար չկա ժամանցի որևէ կենտրոն, առկա նախաձեռնությունները խիստ քաղաքականացված են, ինչն էլ պատճառ է, որ երիտասարդները իրենց ժամանցը կազմակերպում են Երևանում»,-նշում է հարցման մասնակիցը։

Չարենցավանում կա նաև շրջակա միջավայրի պահպանության խնդիրը (19.6%), աղբահանությունը՝ հատկապես բազմաբնակարան շենքերում, որի թերի կատարումից առաջանում է գարշահոտություն (16%), մշակութային միջոցառումների, մշակութային կյանքի կազմակերպումը (23,2%), հասարակական կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության ցածր մակարդակը  (21.6%)։

Մնացած խնդիրները հուզել են հարցման մասնակիցներից 20%-ից ցածր շեմին, որոնցից են՝ գերեզմանատների վատ վիճակը, քաղաքի կառուցապատումը, որ կատարվում է անկանոն կերպով, կոմունալ տնտեսության աշխատանքների թերի ապահովումը, մարզական կյանքի կազմակերպման և առողջ ապրելակերպի խթանման մասով իրականացվող քայլերի ցածր արդյունավետությունը, ինչպես նաև նախադպրոցական կրթության ոչ բավարար որակը։

 

Համայնքային խնդիրների հավաքագրումից հետո նախաձեռնությունը կազմակերպել է հանրային քննարկում, որի արդյունքում խնդիրների շարքը համալրվել է ՝

                       Համայնքի բնակիչները մեծ մասամբ անտարբեր են համայնքում կազմակերպվող միջոցառումների նկատմամբ

                       Համայնքում չկան հստակ նշված աղբավայրեր, որտեղ հաճախակի տեղի են ունենում ինքնայրման աշխատանքեր, որից առաջացած ծուխը վտանգավոր է և՛ բնության, և՛ համայնքի բնակիչների համար

                       Փողոցային առևտուրն իրականացվում է հակահիգենիկ ձևով (մասնավորապես կաթնամթերքի և մսամթերքի վաճառքի դեպքում)

                       ՏԻՄ-ի և մասնավոր հատվածի (ՀԿ-ներ, նախաձեռնություններ)  միջև համագործակցությունը բացակայում է

                       Աշխատավայրերի պակաս կա (հաշվի առնելով, որ նախկինում Չարենցավան քաղաքը արդյունաբերական խոշոր կենտրոն էր, իսկ այժմ չկան համայնքի այդ ռեսուրսները)

                       Ժամանցի վայրերի բացակայություն, մասնավորապես` երիտասարդների ժամանցի ապահովման համար

                       Համայնքում չկան թատրոններ, կինոթատրոններ

 

Հանրային քննարկման ընթացքում առաջարկվել է համայնքի մշակութային կյանքը ակտիվացնելու համար իրականացնել հանրային միջոցառումներ՝ ներգրավելով մշակույթի ոլորտի ներակայացուցիչներին, օգտագործել Չարենցավան համայնքի ուժեղ կողմերն ու ըստ դրա՝ իրականացնել տուրիզմը զարգացնող միջոցառումներ։ Նշվել է, որ քաղաքին մոտ գտնվող համայնքը հարուստ է պատմամշակութային վայրերով։

Մոնիթորինգի և քննարկման արդյունքների հիման վրա կազմվել է առաջարկությունների փաթեթ և ուղարկվել համայնքապետարան:

Փաթեթը ներառում է հետևյալ կետերը.

1.                      Տեղեկացված լինելով, որ Չարենցավան մտնող հատվածի ասֆալտապատումը չի գտնվում համայնքապետարանի իրավասության ներքո, այնուամենայնիվ, խնդրի մասով առաջարկում ենք առաջնահերթություն տալ հենց այդ հատվածին, որը ոչ բարվոք վիճակում է և գտնել այլընտրանքային լուծումներ ճանապարհը բարեկարգելու համար (սուբվենցիոն ծրագրեր և այլն): Լինելով խոշորացված համայնք` առաջարկում ենք նաև, ասֆալտապատման աշխատանքները կատարելիս, ուշադրություն դարձնել նաև հինգ համայնքներին:

2.                      Զբոսաշրջությունը մեր համայքնում ակտիվացնելու համար՝ առաջարկում ենք համագործակցել տուրիստական ընկերությունների հետ և ներկայացնել համայնքի պատմամշակութային կոթողները։ Գտնել նաև այդ ոլորտի մասնագետներ համայնքի տարածքից և նրանց միջոցով  կազմակերպել տուրիզմի խթանմանն ուղղված տոնավաճառ-ցուցահանդեսներ և համահամայնքային միջոցառումներ։

3.                      Համայնքում նաև լուրջ խնդիր է փողոցային առևտուրը։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք գործնական քայլեր ձեռնարկել  փողոցային առևտրի սահմանափակման համար, քանի որ վաճառվում են այնպիսի սննդամթերք, որոնք կարիք ունեն սանիտարահիգիենիկ ստուգումներ անցնելու (մսամթերք, կաթնամթերք)։

4.                      Առաջարկում ենք նաև համայնքի ողջ տարածքում  աղբահանության հետ կապված աշխատանքները կազմակերպել ավելի բարձր մակարդակով

5.                      Բարեկարգել  համայնքի մայթերը և ապօրինի կառույցների առակայության դեպքում ապամոնտաժել դրանք։

6.                      Համայնքի ողջ տարածքում թափառող շների խնդիրը շատ լուրջ է, այս մասով,  ելնելով բոլորիս անվտանգությունից, առաջարկում ենք գտնել ընկերություններ շներին ստերջացնելու համար միչև կկառուցվի հանրակացարան,  որն ամենաընդունելի լուծումն է։

7.                      Չարենցավան քաղաքում կա 2 զբոսայգի, որոնցից մեկը լիարժեք չի գործում, մյուսը՝ մասամբ։ Առաջարկում ենք բարեկարգել այգիները, որպեսզի բնակիչները ունենան հանգիստն ու ժամանցն անցկացնելու հնարավորություն։

8.                      Համայնքում լուրջ խնդիր է նաև բնապահպանության հարցը։ Առաջարկում ենք խիստ հսկողություն սահմանել գործարանների, մասնավորապես՝ «Ասկե Գրուպ» ընկերության նկատմամբ (գործարանից արտանետվող ծուխը և թափոնները աղտոտում են օդը՝ այդպիսով վնասելով բնությանն ու մարդկանց)։ Այս խնդրի մասով էլ կրկին առաջարկում ենք միջնորդել այլ պետական մարմիններում և ծավալել քննարկումներ քաղաքացիների հետ այս շատ կարևոր խնդիրը լուծելու համար: Բնապահպանական խնդիրներն իրենց հերթին խոչընդոտ են համայնքում զբոսաշրջության զարգացման համար։

9.                      Խթանել տարեցների և հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածությունը համայնքային կյանքին։ Կազմակերպել ներառական միջոցառումներ և հետևել ներառականության պահպանմանը բոլոր միջոցառումների ժամանակ։

10.                  Առաջարկում ենք մեծ ուշադրություն դարձնել  համայնքի լուսավորությանը, հատկապես՝ ձմռանը, քանի որ մարդիկ աշխատանքի են գնում վաղ առավոտյան, և այդ ժամանակ փողոցներում լուսավորություն չի լինում։ Որպես լուծում՝ առաջարկում ենք տեղադրել էլեկտրախնայող լամպեր։

11.                  Ակտիվ համագործակցել մասնավոր հատվածի և ՀԿ-ների հետ, քանի որ այդ համագործակցությունը կարող է օգնել լուծել համայնքում առկա խնդիրները։ Առաջարկում ենք առավել ակտիվացնել խորհրդակցական մարմինների գործունեությունը։

12.                  Առաջարկում ենք լուրջ քայլեր իրականացնել համայնքում մշակութային կյանքի կարգավորման ուղղությամբ, յուրաքանչյուր եռամսյակը մեկ իրականացնել առնվազն 1 խոշոր միջոցառում՝ ապահովելով վարչական բոլոր շրջանների բնակչության ներգրավվումը։

            Մեր ուղարկած առաջարկությունների փաթեթին ծանոթանալով սույն թվականի հուլիսի  15-ին Չարենցավանի քաղաքապետարանից ստացել ենք պատասխան ըստ որի՝ ներկայացված առաջարկների մի մասը արդեն իսկ իրականացվում է քաղաքապետարանի կողմից(2,7,9, 11 կետեր), մասնավորապես զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ըստ քաղաքապետարանի՝ «ՀԿ-ների հետ համագործակցությամբ իրականացվում է «ԵՄ հանուն մշակույթի. Առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ»  ծրագիրը, որի արդյունքում ստեղծվելու է Կոտայքի մարզային տուրիստական ասոցիացիա՝ նպատակ ունենալով զարգացնել զբոսաշրջությունը Կոտայքի մարզի կլաստերում՝ մասնավորապես Բջնի և Արզական գյուղերում…», իսկ Չարենցավանի քաղաքային զբոսայգու հարցը այժմ քաղաքապետարանը փորձում է լուծել դատական ճանապարհով՝ սեփականատիրոջ հետ 2005թ-ից ի վեր անհաջող բանակցություններից հետո։ Վերհանված խնդիրների մի մասը արդեն իսկ լուծված է կամ գտնվում է լուծման փուլում(3,4,10 կետեր), դրանցից են՝ «Փողոցային առևտուր Չարենցավան քաղաքում գրեթե չկա, դեռ նախորդ տարիներին մենք մեծամասշտաբ աշխատանքներ կատարեցինք, որի արդյունքում վերացվեց փողոցային առևտուրը։ Հիմա երբեմն լինում են քաղաքացիներ, հատկապես գյուղական բնակավայրերից, որոնք զբաղվում են փողոցային առևտրով։ Սակայն հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակն ու բնակիչների սոցիալական վիճակը՝մենք չենք ցանկանում առայժմ նրանց հանդեպ խիստ միջոցառումներ կիրառել։», իսկ «Աղբահանությունը Չարենցավան համայնքում կանոնակարգված է։ Իսկ առաջիկայում կավարտվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման վարկային ծրագիրը, որով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել » իսկ որոշ խնդիրների հասցեատերը քաղաքապետարանը չէ (1,8 կետեր), օրինակ Չարենցավանի մուտքի ճանապարհը, ըստ քաղաքապետարանի տրամադրած պատասխանի, հանրապետական նշանակության է, որի ասֆալտապատումը չի գտնվում քաղաքապետարանի պարտավորությունների շրջանակում, իսկ բնապահպանական խնդիրներով(«Ասկե Գրուպ» գործարանի՝ շրջակա միջքվայրի աղտոտման առնչությամբ) զբաղվում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Կարևոր է նշել, որ հարցման ընթացքում «1-5 բալային համակարգով գնահատեք ՏԻՄ-ի աշխատանքը» հարցին քաղաքացիների մեծամասնությունը գնահատել է «5» :

Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Աբովյանի Երիտասարդների Միավորումը ներկայացրել է համայնքային խնդիրների լուծման առաջարկներ

Նախաձեռնության կողմից իրականացվել է համայնքի խնդիր...

  • Youth Voice
  • Հունիս 28, 2020
Հեղինակ : Youth Voice

Youth Voice վեբ կայքի հեղինակ

Ձեզ կարող է հետաքրքրել