27․05․2020թ․-ին ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի
նախարարության կողմից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Կամավորական գործունեության
և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ
և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթ։
«Երիտասարդների Ձայնը» Միավորումը ողջունում է նմանօրինակ կարևորության օրենքի մշակումը
և ստորև ներկայացնում է իր առաջարկները օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու համար։
Առաջարկում ենք․
1․ Օրենքի նախագծում կամավորությունը սահմանել որպես աշխատանքային ստաժ, եթե այն կատարվել է որևէ մասնագիտական բնագավառի ունակությունների կիրառմամբ։ Այս մասով ՊԵԿ-ի կողմից սահմանել հաշվետվությունների նոր ձևաթուղթ, ինչպես նաև փոփոխություններ կատարել հարկային և այլ օրենսգրքերում։
2․ Հոդված 13-ում՝ Կամավոր աշխատանքի խրախուսումը, ավելացնել կետ, ըստ որի 2 տարվա կամավորական փորձի և գրանցված ստաժի պարագայում կամավորին խրախուսել պետական բուհերում ուսման վարձի 10% զեղչի չափով։
3․ Կամավորների գրանցումը և հաշվառման մատյանի վարումը դարձնել պարտադիր և նշել, որ դրանք կարող են վարվել նաև էլեկտրոնային եղանակով:
4․ Երիտասարդական աշխատանքը և երիտասարդական աշխատողի կատարածը համարելով առանձնահատուկ կամավորության տեսակ․ Հոդված 5-ում՝ Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակները, ավելացնել հետևյալ ենթակետը․ «Երիտասարդական աշխատանքը և երիտասարդների անհատական զարգացմանն ու առաջընթացին նպաստելը»։
5․ 6-րդ հոդվածում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «Հասարակական հիմունքներով այն աշխատանքները, որոնք չեն նշվել սույն հոդվածում և կատարվում են պետական մարմիններում, ապա հավասարեցվում են կամավորությանը»։
6․ 13-րդ հոդվածում ավելացնել կետ այն մասին, որ Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթում հավասար պայմաններով հաղթող ճանաչվածների դեպքում առավելությունը տրվում է սույն օրենքով հաստատված կարգով կամավորական աշխատանքի փորձով անձին։ Այս մասով փոփոխություն կատարել նաև Հանրային ծառայության մասին օրենքում։
Առաջարկները տեղադրվել են՝ e-draft.am-ում։
Մեր Կազմակերպությունը ստեղծվել է 1987թ․, որը Անկախ...
Թիկունքում տարվող աշխատանքներին նախ մասնակցում էր ...
Մեղուն ինքնին աշխատասիրության խորհրդանիշն է, ՓԵԹԱԿ...
Որպես նախաձեռնություն ստեղծվել ենք 2008թ․ , իսկ որ...