Ցանկանու՞մ եք Բաժանորդագրվել
EN

Ինչպե՞ս կրթություն ստանալ Գերմանիայում. Մաս 1


Արտերկրում կրթություն ստանալը կամ հետազոտական աշխատանք իրականացնելը 21-րդ դարում շատերի երազանքն է: Նախընտրելի երկրների շարքում Գերմանիան շարունակում է լինել առաջատարներից մեկը: Դա ունի իր պատճառները. անվճար կրթություն, կարիերային լայն հեռանկարներ, ամբողջ աշխարհում ճանաչվող դիպլոմ, հետագայում քաղաքացիություն ստանալու նախադրյալ:
Սակայն, մինչ Գերմանիայի նախընտրելի համալսարաններից մեկի լսարանում հայտնվելը,  հարկավոր է ապահովել հետևյալ ասպեկտների պահանջները. համալսարանի ճիշտ ընտրություն, պահանջվող փաստաթղթեր, ֆինանսական հարցեր, կեցության հարցը և այլն:
Համալսարանի ընտրության հարցում տարբերակները բավականին շատ են: 2018թ.-ի տվյալներով Գերմանիայում կա 426 համալսարան,որոնք առաջարկում են ավելի քան 9000 կրթական ծրագրեր:
Դրանք կարորղ են լինել տարբեր բնույթի և ուղվածության:
Համալսարանների ամենաընդգրկուն դասակարգումը հետևյալն է.


  • Համալսարան (Universität)
  • Կիրառական գիտությունների համալսարան (Fachhoch schule)
  • Արվեստի և երաժշտության համալսարան (Kunst- und Musikhoch schule)
  • Դուալ համալսարան (DualeHoch schule)


Գերմանիան, լինելով Բոլոնյան համակարգը ընդունած առաջին երկրներից մեկը (2002թ.), ունի երկաստիճան համակարգ՝ բակալավրիատ և մագիստրատուրա:
Համալսարանի ընտրությանը, նրանց տարբերություններին և դրա հետ կապված մանրամասներին կանդրադառնանք մեր հետագա հոդվածներում:
Փաստաթղթերին անդրադառնալով պետք է նշել, որ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը կարող է տևել ամիսներ:Այդ պատճառով այն պետք է սկսել հնարավորինս շուտ: Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ կրթության ավարտից հետո Գերմանիայի որևէ համալսարան դիմելու համար անհրաժեշտ և ամենակարևոր փաստաթղթերն են.


  • Կրթությունը հաստատող փաստաթուղթ
  • Լեզվի իմացության վկայական
  • Կրթական վիզա:


ՀՀ-ում միջնակարգ կրթությունը հաստատող հիմնական փաստաթուղթը ատեստատն է: Ընդհանուր ուղղվածությամբ  12-ամյա կրթության վկայականը հնարավորություն է տալիս դիմել բակալավրի բոլոր ծրագրերին: Մաթեմատիկական և բնագիտական թեքումով կրթության վկայականով կարելի է դիմել բակալավրի մաթեմատիկական, բնագիտական, տեխնիկական, բժշկական և սպորտային ուղղություներով ծրագրերին, իսկ հումանիտար թեքումով՝ հումանիտար,տնտեսագիտական,սոցիոլոգիական և հասարակագիտական ծրագրերին։


 Մագիստրոսական ծրագրերին դիմելու համար հարկավոր է ներկայացնել բակալավրի կոչումը հավաստող դիպլոմ:
Լեզվի իմացության վկայական ստանալու համար հարկավոր է գրանցվել նախապես և հանձնել քննություն: ՀՀ-ում քննությունը կարելի է հանձնել «Գյոթե կենտրոն»-ում:
Կենտրոնի հետ կապ հաստատելու համար անցեք հետևյալ հղումով՝
https://www.facebook.com/GoetheZentrumEriwan/

Ֆինանսական հարցեր
Գերմանիայի դաշնային հանրապետությունում համալսարանները բաժանվում են երկու մեծ խմբի՝ պետական և մասնավոր:
Պետական բուհերում կրթությունը կազմակերպվում է անվճար հիմունքներով, այսինքն՝ նրանք ֆինանսավորվում են պետության կողմից: Այստեղ կա, այսպես կոչված, «կիսամյակային վճարներ» հասկացությունը, որը գանձվելով յուրաքանչյուր ուսանողից՝ ուղղվում է ճաշարանի, հանրակացարանի կամ սպորտային հրապարակի ֆինանսավորմանը: Դրա մեջ ներառվում  է նաև «կիսամյակային տոմսը», որը թույլ է տալիս տվյալ քաղաքում օգտվել հանրային տրանսպորտից: Կախված համալսարանից՝ այս վճարի չափը կիսամյակային կտրվածքով կարող է տատանվել 150-250 եվրոյի միջակայքում:

Նա, ով հետաքրքրվում է մասնավոր համալսարաններով, պետք է պատրաստ լինի տարեկան վճարել մոտ 20․000 եվրո:



Կեցության հարցը Գերմանիայում դասվում է հեշտ լուծվող խնդիրների շարքին: Սակայն, բնակարանի վարձը այստեղ բավականին բարձր է: Կախված նրանից՝ արդյունաբերակա՞ն, թե՝ համալսարանական քաղաքում ես ցանկանում բնակվել կամ ընտրված քաղաքը խի՞տ է բնակեցված,թե՝ ոչ, արժեքը կարող է տատանվել:
Ուսանողների մի մասը նախընտրելով համատեղ բնակության տարբերակը՝ վարձում են բնակարան և կիսում հիմնական ծախսերը:
Բացի դա, համալսարանների մեծ մասը ուսանողներին առաջարկում է հանրակացարաններ, որտեղ առկա են բավականին հարմար պայմաններ: Այս հանրակացարանների արժեքը ամսական կազմում է 200-400 եվրո, համատեղ բնակարանինը՝ 300-500 եվրո:
Բացի բակալավրի կամ մագիստրոսական ծրագրի համար դիմելուց՝ ՀՀ բուհերի ուսանողների համար հնարավորություն կա նաև մասնակցել կիսամյակային փոխանակման ծրագրերին, որոնք կարող են տևել առավելագույնը երկու կիսամյակ:
Այս չորս ասպեկտներից յուրաքանչյուրը՝ համալսարանի ընտրություն, փաստաթղթեր, ֆինանսական հարցեր, կեցության հարց, պահանջում է մանրամասն դիտարկում և պլանավորում:
Այդ գործընթացում ձեզ կարող են օգնել DAAD (Deutscher Akademischer Austauschdienst), ինչպես նաև Erasmus+ հայաստանյան գրասենյակները:
Ստորև ներկայացված են գրասենյակների պաշտոնական կայքէջերը:

https://erasmusplus.am/

https://www.daad.am/en/

Վերջին հրապարակումները

Ի՞նչ վիճակում է Էջմիածնի կենտրոնական շրջանի այգին

Էջմիածում իրականացված մշտադիտարկման և հանրային քնն...

  • Youth Voice
  • Հուլիս 02, 2020
Քաղաքացիական մասնակցություն կամ երբ «միջամտում» են երիտասարդները

Ի՞նչ է քաղաքացիական մասնակցությունը, ինչպե՞ս են եր...

  • Քնարիկ Մխիթարյան
  • Հունիս 30, 2020
Հեղինակ : Սրբուհի Համբարձումյան

ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող

Ձեզ կարող է հետաքրքրել